Բավ է պառակտվել
25-04-2016 08:44

Էրդողանն ապրիլիքսանչորսյան հերթական ուղերձն է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով:
Պոլսի հայոց պատրիարքարանում 2016-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում:
Էրդողանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին
Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին: Հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:
Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել հիշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:
Անկախ էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը»:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ադվստրիան, Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, Բրազիլիան և ԱՄՆ-ի 46 նահանգը: