Բավ է պառակտվել
31-10-2022 13:25

Անցկացվել է «Մենք ենք մեր սարերը» Արցախի տարածքային զարգացման գործակալության անդրանիկ նիստը։ Սա Ռուբեն Վարդանյանի նոր նախագիծն է

Հոկտեմբերի 28-ից 30-ը Ստեփանակերտում կայացած «Մենք ենք մեր սարերը» Արցախի տարածքային զարգացման գործակալության առաջին նիստին մասնակցել է ավելի քան 60 փորձագետ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Սփյուռքից։

Միջոցառումը նախաձեռնել է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն Արցախի կառավարության աջակցությամբ։

Հանդիպման նպատակն էր ուրվագծել Արցախի ռազմավարական զարգացման առաջնահերթ խնդիրները՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ազգային ինքնություն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

«Երկու ամիս է՝ այստեղ եմ և, ամեն անգամ վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ մարդիկ, որոնք այստեղ են ապրում, նույնպես հերոսներ են, որովհետև իրենց ամենօրյա կյանքով ապացուցում են, որ հայրենիքն իրենց համար կարևոր է, որ իրենք այստեղ են տեսնում իրենց ապագան: Այս հավաքի հիմնական խնդիրն է՝ ուրվագծել Արցախի զարգացման և անվտանգության ռազմավարությունը, մշակութային և տնտեսական այն միջավայրի պահպանումը, որտեղ արցախցիներն իրենց կզգան հաջողված, կտեսնեն իրենց և իրենց երեխաների երկարաժամկետ ապագան Արցախում»,- ասել է Վարդանյանը։

«Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Օնիկ Ազնաուրյանը նշել է, որ շատ կարճ ժամանակում անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել Արցախում։

«Առաջիկա 3-6 ամիսների ընթացքում մենք պետք է սկսենք աշխատել և շոշափելի արդյունքներ ստանալ։ Մտքերի և առաջարկների փոխանակումը մեզ օգնեց պատկերացում կազմել, թե ով և ինչ ձևաչափով կարող է մասնակցել նախագծերի իրականացմանը՝ խորհրդատվական օգնությունից մինչև ներդրումներ Արցախում»,- ասել է Ազնաուրյանը։