Բավ է պառակտվել
11-10-2019 13:08

Անվտանգության խնդիրներն առաջնային բանակցային գործընթացում․ Արցախի նախագահ

Ստեփանակերտում անցկացվում է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը։ Ու այսօրվա միջոցառումը յուրահատուկ է թե´ բովանդակության, թե´ մասնակիցների առումով, քանի որ առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողովը»,–ասաց Բակո Սահակյանը։
Արցախի նախագահի խոսքերով կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը՝ բոլոր հարթություններում,քանի որ մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բակո Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հովանու ներքո:
«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման, Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի կարգավիճակի, թե սահմանների առումով»,-ասաց նա:

Բակո Սահակյանը միաժամանակ նշեց, որ իրենց համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերություններ պահպանելն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ։

 

Արմինե Գևորգյան