Բավ է պառակտվել
21-05-2020 18:53

Արայիկ Հարությունյանը պաշտոնապես ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը

 

Հինգշաբթի Արցախի ԱԺ հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը պաշտոնապես ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Լեռնային Ղարաբաղի նոր ղեկավարի երդման արարողությունը կայացավ Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում։

Արցախի խորհրդարանի նորընտիր խոսնակ Արթուր Թովմասյանը հայտնեց, որ նիստին մասնակցում է 33 պատգամավոր և թվարկեց հյուրերի կազմը։

Երդման արարողության համար դահլիճ բերվեցին Պետական դրոշն, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

Դրանից հետո բեմ բարձրացավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և հանդիսավոր երդվեց.
«Ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը երդվում եմ, անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Երդման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

 

Օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա Հարությունյանին հորդորեց պահպանել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունն, ինչպես նաև արժանիորեն կատարել պետության ղեկավարի պարտականություններն առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ ի շահ Արցախի ժողովրդի։

“Եթե պետության առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե ոչ, բայց ես վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր շարունակելու ենք նույն վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Միշտ ձեր կողքին ենք լինելու: Ժողովուրդը Ձեր և ձեր թիմի հետ մեծ հույսեր է կապում”,- ասաց նա: