Բավ է պառակտվել
15-04-2020 13:47

Արցախի 4-րդ նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 տոկոսով ընտրվել է հանրապետության նախագահ։
Մասիս Մայիլյանը ստացել է ընտրողների քվեների 12 տոկոսը։

Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն, Մասիս Մայիլյանը՝ 5428։

Արցախի ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 165 ընտրող:
Հաղթած թեկնածուն այսօր հանդիպելով լրագրողների հետ նշեց, որ Իրականում իրենց ժողովրդի հաղթանակն է, քանի որ Սահմանադրության համապատասախան ժողովրդավարական ընտրություններ են անցկացրել ծանր պայմաններում։
Ըստ Հարությունյանի ընտրություններն անցկացվել են ծանր պայմաններում ոչ միայն սպառնացող համաճարակի հետ կապված խնդրի պատճառով, այլև քաղաքական իրենց ընդդիմախոսների մի մասը հատուկ բոյկոտել է կամ հատուկ քաղաքական երանգ է հաղորդել ընտրությունները հետաձգելու անվան տակ չեզոքացնելու այս ստեղծված մթնոլորտը։
«Նախօրոք տեսնելով արդեն ընտրության ընթացքը, հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով՝ փորձել են քաղաքական երանգավորում տալ։

Հաղթած թեկնածուն նշեց, որ քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ։
«Ընդհուպ, նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազությանը, դատարան, բայց մտափոխվել եմ և հենց համախմբվածությունից ելնելով՝ հետ ենք կանգնել», - ասաց Հարությունյանը,հավելելով, որ կա մեկ բացառություն։
«Բացի մի հայտարարությունից, որը հայտարարել է ոչ Արցախի քաղաքացի, անունն էլ չեմ ուզում տալ, այդ առումով դիմել եմ դատախազությանը։ Հիմար֊հիմար արտահայտություններ էր՝ բառիս բուն իմաստով, թե թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար շուտով ռեպորտաժ կլինի՝ ով է նա, կարող է ունեցել է անցած լավ ճանապարհ, բայց պետք է ապրել պարկեշտ մինչև կյանքի վերջ», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Ի դեպ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, ասաց, որ երբ պետք է եղել, մենք Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրել են։
« «Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց հայտարարությամբ հանդես է եկել, մենք դիմել էինք դատախազությանը խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել, բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ ու նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատական համակարգի գործունեությանը», - ասաց Արայիկ Հարությունյանը։

 

 

Արմինե Գևորգյան