Բավ է պառակտվել
01-04-2020 14:04

Արցախում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Արցախի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել ընտրություններին կողմ քվեարկած ընտրողների ձայների 50 տոկոս + 1 քվեն։
Ընդհանուր առմամբ 60 հազարից ավելի մշակված քվեաթերթիկներով 33,000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանը եւ առաջատարն է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16,300 քվե, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է՝ 8600 քվե:
Ամենաշատ ձայները ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, կպայքարեն երկրորդ փուլում:
Հիշեցնենք՝ Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 76,471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը:
Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 2 դաշինք:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների ստացած քվեներին, ապա, մասնավորապես, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը ստացել է 23.63 տոկոս կողմ ձայն, ՀՅԴ-ն` 6.4, Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» -ն` 40.4 տոկոս, Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն»-ը` 5.81 տոկոս, Վիտալի Բալասանյանի «Արդարություն»-ը` 7.9 տոկոս:

«Համաձայն Արցախի ընտրական օրենսգրքի, ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական թիմերը, կուսակցությունների դաշինքների դեպքում` 7 տոկոսի շեմը: Այդ իմաստով ունենք հետևյալ պատկերը. ԱԺ-ում ներկայացված կլինեն քաղաքական 5 թիմ, որից առաջին տեղում «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն է ըստ ստացած կողմ ձայների, երկրորդ տեղում «Միասնական հայրենիք»-ը, երրորդում` «Արդարություն» կուսակցությունը, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է, հինգերորդում` Արցախի «ժողովրդավարական կուսակցությունը»»,- նշեց Արցախի ԿԸՀ նախագահը:

 

 

Արմինե Գևորգյան