Բավ է պառակտվել
01-09-2022 11:31

Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի ներկայիս գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորման միջնորդությունը։

«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է …»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։

2022 թվականի օգոստոսի 30-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ զինվորական պաշտոնեական անփութություն)։ Հետաքննությունը կարծում է, որ Արզումանյանի անփույթ վերաբերմունքի և Շուշիի ու հարակից տարածքների պաշտպանությունը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառով ադրբեջանական զինուժն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել քաղաքն ու շրջակայքը։

Արզումանյանը բերման էր ենթարկվել օգոստոսի 30-ին Արցախից Երևան գալու ճանապարհին և տեղափոխվել ՀՀ ՔԿ։ Կայացվել էր նրան ձերբակալելու մասին որոշում, սակայն ձերբակալման ժամկետը լրանալու պատճառով նա ազատ էր արձակվել։ Մեղադրական կողմը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվեց։