Բավ է պառակտվել
22-06-2018 21:09

Արևելյան գործընկերությունը շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ

Եվրամիության Արևելյան գործընկերությունը շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այսօր Մինսկում ելույթ ունենալով Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու և գործընկեր երկրների միջև վստահությունն և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նա նաև բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության հետևողական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են»
ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն», - շեշտել է Զոհրաբ Մնացականյանը՝ շարունակելով․ - «Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն և ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն և բարգավաճ հարևանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձևավորման համար։