Բավ է պառակտվել
22-04-2021 15:26

Արցախն ու Հայաստանը ֆինանսական օժանդակության համաձայնագիր կստորագրեն

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Արցախի հետ ֆինանսական համաձայնագրի ստորագրմանը:

Ներկայացնելով համաձայնագրի մանրամասները՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ Հայաստանը տաս տարվա ընթացքում Արցախին կտրամադրի տարեկան 10 միլիարդ դրամ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար:

«Միջոցները կօգտագործվեն իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի փոխհատուցման համար, ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են հասարակական և արդյունաբերական նշանակության շենքեր և շինություններ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, բիզնեսում օգտագործվող հիմնական միջոցներ, անասուններ, մեղվաբուծարաններ, մրգատու և խաղողի այգիներ», - ասաց Առաքելյանը` հավելելով, որ որոշումը չի տարածվի բնակելի շենքերի վրա:

Նա նշեց, որ մինչև 5 միլիոն դրամ կտրամադրվի որպես միանվագ ֆինանսական օգնություն, իսկ 5 միլիոն դրամից ավելին՝ պարտամուրհակի տեսքով, որը նաև կապահովի տարեկան 10% եկամուտ 5 տարի ժամկետով՝ պասիվ շահույթի տեսքով:

Ըստ նրա՝ փոխհատուցման առավելագույն չափը կկազմի մինչև 100 միլիոն դրամ:

Բացի այդ, մեկ այլ ծրագրի համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում բնակվող քաղաքացիներին և ֆիզիկական անձանց կտրամադրվի բոլոր վարկային պարտավորությունների լրիվ փոխհատուցում, իսկ իրավաբանական անձանց` վարկային պարտավորությունների մինչև 50% փոխհատուցում։

Նա նշեց, որ Արցախում մշտապես բնակվող քաղաքացիներին և ֆիզիկական անձանց նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ամբողջական կամ մասնակի փոխհատուցում տրամադրել հիպոթեկային վարկերի, գյուղատնտեսական վարկերի կամ փոքր բիզնեսի վարկերի գծով։

Առաքելյանը նաև ասաց, որ գյուղական բնակավայրերում ընթանում են անավարտ շենքերի շինարարական աշխատանքներ, ինչի շնորհիվ բնակարան կստանա շուրջ 300 ընտանիք, որոնց տները հայտնվել են հակառակորդի հսկողության տակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվում են բնակարանային համալիրներ Ստեփանակերտում և որոշ այլ քաղաքներում: