Բավ է պառակտվել
24-01-2022 20:58

2022թ․ Հայաստանն Արցախին շուրջ 300մլն դոլարի օգնություն կտրամադրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի խորհրդակցություն են անցկացրել՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը։

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ 2022թ․ Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն կտրամադրի Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, իր հերթին, ասել է, որ արդեն 300 բնակարան ավարտված է, որոնք հանձնվել են հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին։ Սկսվել է 3000 տների շինարարությունը։ Գյուղերում առկա հին ֆոնդից վերանորոգվել և հանձնվել է մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, արդեն նախագծվում է մոտ 2000 բնակարան։

Ներկայացնելով բնակաշինարարության նախագծերն, Արցախի նախագահը շեշտել է, որ 144 մլրդ․ դրամի պարագայում հնարավոր կլինին լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության:

«Արդեն կառուցվում է Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու»,- ասել է Հարությունյանը։