Բավ է պառակտվել
22-08-2019 12:49

Հայաստանը 33,7մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկման համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշել է 33,7մլն դրամ (շուրջ 70,7հազ դոլար) հատկացնել Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մոնիթորինգի համար։

Գումարը վարչապետի աշխատակազմին կհատկացվի Հայաստանի պահուստային ֆոնդից։

Ինչպես տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջոցները գրանտի տեսքով կհատկացվեն “Իրազեկ քաղաքացիների միավորման” Ստեփանակերտի գրասենյակին (16,2մլն դրամ) և Tranparency International հակակոռուպցիոն կենտրոնին (17,5մլն դրամ)։

Դիտարկումը կիրականացվի սույն թվականի հոկտեմբերին կայանալիք տեղական ընտրությունների ընթացքում։

“Կարևոր որոշում եմ համարում, քանի որ Հայաստանը պետք է աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Այս (այսօրվա) որոշումը տվյալ միջոցառումների շրջանակում, որոշ չափով աննախադեպ է”,-նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։