Բավ է պառակտվել
01-07-2021 15:22

Հայաստանն Արցախի աջակցության համար կհատկացնի ևս 17,7 մլն դոլար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստին հաստատեց 8,8մլրդ դրամի (շուրջ 17,74մլն․դոլար) Արցախի աջակցության հերթական ծրագիրը։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատերազմից առաջ Արցախը գտնվում էր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն կար միջպետական վարկի տրամադրման մասին, իսկ պատերազմից հետո օգնության կարիքը մեծացել է և ձեռնարկվել են քաղաքացիների և իշխանությունների աջակցության տարբեր միջոցառումներ:

«Նոր նախագծով առաջարկվում է Արցախին հատկացնել շուրջ 8,8 միլիարդ դրամ, որից 1,2 միլիարդ դրամը (մոտ 2,42 միլիոն դոլար) կուղղվի քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարմանը, մնացածը կտրամադրվի Արցախին միջպետական վարկի շրջանակներում»,- ասաց Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ քանի որ նախատեսված պետական վարկի հնարավորություններն օգտագործվել են Արցախի տնտեսության փաստացի պարապուրդի պատճառով, անհրաժեշտություն է առաջացել հատկացնել լրացուցիչ միջոցներ:

Ընդհանուր առմամբ, Արցախին տրամադրվող Հայաստանի օգնությունը կազմում է 83 միլիարդ դրամ (մոտ 167,3 միլիոն դոլար), որից 53 միլիարդ դրամը (գրեթե 106,9 միլիոն)՝ ընդունված աջակցության 14 ծրագրերի շրջանակներում: