Բավ է պառակտվել
20-09-2021 20:28

Հայաստանն անհնար է պատկերացնել առանց Արցախի․ «Տաշիր»-ը 800 մլն դոլար ներդրումներ է նախատեսում

Հայաստանն անհնար է պատկերացնել առանց Արցախի, ասել է երկուշաբթի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ «Կարևոր է շարունակել Արցախի զարգացման ծրագրերը։ Մեր խնդիրն է ապահովել Արցախի կայուն և անվտանգ ապագան»,- ասել է նա, ելույթ ունենալով “Armenian Business forum 2021”-ի բացմանը Երևանում։

Նա հայտնել է Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրերում 800մլն դոլար ներդրումներ իրականացնելու մտադրության մասին։

«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի արդիականացման մեջ կներդրվի մինչև 600 միլիոն դոլար։ Եվս 50 մլն դոլար կհատկացվի Հայաստանի և Արցախի արդյունաբերական նախագծերին։ Այս ոլորտը տնտեսության հիմքն է և կրկնակի կարևոր Հայաստանի համար»,- ասել է Կարապետյանը։

Նա բարձր է գնահատել ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանի տնտեսությունում, ընդգծելով երկու երկրների և ժողովուրդների միջև բազմամյա երկկողմ կապերի նշանակությունը։

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր ոլորտ է հանդիսանում արդյունաբերությունը։ «Երկրի զարգացումն անհնար է առանց նորարարական լուծումներ օգտագործող արդյունաբերական ձեռնարկությունների։ Այդ նպատակների իրականացման համար կհատկացվի 50մլն դոլար»,- ասել է գործարարը։

Որպես իր ղեկավարած «Տաշիր» ընկերությունների խմբի գործունեության երրորդ կարևոր ուղղություն նա նշել է զբոսաշրջության ոլորտը, որն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։

Երիտասար գործարարների զարգացման աջակցությանը նախատեսվում է հատկացնել 30 մլն դոլար, Արցախի զարգացման ծրագրի այլ ուղղություններին՝ 50 մլն դոլար։

«Միաժամանակ, կարևոր է աջակցել նոր արտադրություններին, որոնք կապահովեն աշխատատեղերով ու նոր տեխնոլոգիաներ կստեղծեն, կբարձրացնեն մասնագետների որակավորումը»- շեշտել է Կարապետյանը։

«Տաշիր» ԸԽ-ը Հայաստանում կառավարում է, մասնավորապես, բաշխիչ էլեկտրացանցը, ինչպես նաև Սևան-Հրազդանի ՀԷԿ–երի կասկադն ու Հրազդանի ՋԷԿ-ը: