Բավ է պառակտվել
26-03-2020 14:24

Արցախի ընտրություններին մասնակցող ՀՀ-ից դիտորդները պարտադիր կթեստավորվեն

Արցախի ընտրություններին մասնակցող դիտորդները մեկնելուց առաջ պարտադիր կթեստավորվեն, ասել է հինգշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ։

“Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և Հայաստանից դիտորդներ են մասնակցելու: Այսօր արդեն ունենք կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր։ Պարոն Ավինյան (փոխվարչապետ, պարետ՝ խմբ.), եկեք պայմանավորվենք, որ կհամագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ”,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ հարկավոր է հասկանալ` դիտորդներն արդյո՞ք ռիսկային գոտիներից են, եթե այո՝ կառավարությունը կխնդրի փոխարինել նրանց այլ դիտորդներով։

“Բարեբախտաբար, այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի”,-ասել է վարչապետը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։

Մարտի 26-ի, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 290 դեպք։ Վարակվածներից 36-ի մոտ առկա է թոքաբորբ, երկու հիվանդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Առողջացել և հիվանդանցի դուրս գրվել 18 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ուժի մեջ կմտնի նաև նոր սահմանադրությունը, որը նախատեսում է նախագահի լիազորությունների ընդլայնում:

Նախագահի պաշտոնում են առաջադրվում՝ Ռուսլան Իսրայելյանը (“Անկախության Սերունդ” կուսակցություն), Վիտալի Բալասանյանը (“Արդարություն” կուսակցություն), Դավիթ Բաբայանը (“Արցախի Պահպանողական կուսակցություն”), Դավիթ Իշխանյանը (ՀՅԴ), Աշոտ Ղուլյանը (“Արցախի ժողովրդավարական կուսակցություն”), Հայկ Խանումյանը (“Ազգային վերածնունդ” կուսակցություն), Արայիկ Հարությունյանը («Ազատ հայրենիք-ՔՄԴ” կուսակցությունների դաշինք), Վահան Բադասյանը (“Միացյալ Հայաստան” կուսակցություն), ինչպես նաև ինքնաառաջադրված անձինք՝ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը և Աշոտ Դադայանը:

Խորհրդարանական ընտրություններին նախատեսում են մասնակցել․ “Ազատ հայրենիք - ՔՄԴ կուսակցությունների դաշինքը, “Նոր Արցախ” դաշինքը, “Միասնական հայրենիք” կուսակցությունը, “Ազգային հայրենիք” կուսակցությունը, ՀՅԴ “Դաշնակցությունը”, “Արդարություն” կուսակցությունը, “Անկախության սերունդ” կուսակցությունը, “Արցախի պահպանողական կուսակցությունը”, “Արցախի ժողովրդավարական կուսակցությունը”, “Միացյալ Հայաստան” կուսակցությունը, “Արցախի հեղափոխական կուսակցությունը”, “Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը”: