Բավ է պառակտվել
27-01-2021 13:29

Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են

Նախօրեին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նա ասել է, որ ադրբեջանական կողմն է զանգահարել ու հայտնել, որ մարմիններ են գտել։ Հայ փրկարարներն էլ մոտեցել են ու Ֆիզուլիի հատվածում վերցրել։

«Ցավոք, ոսկրային մնացորդներ են, անճանաչելի են, ինքնությունը պարզել այս պահին հնարավոր չէ։ Նրանց ինքնությունը պարզելու համար պետք է ԴՆԹ փորձաքննության ենթարկել»,– ասել է Հունան Թադևոսյանը։

Նախնական տվյալներով, վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, որ մի քանի օր առաջ մարդասիրական առաքելության շրջանակներում ևս 30 մարմին էր փոխանցվել։ Նախօրեին որոնողական աշխատանքներ են իրականացվել Հադրութի հատվածում, որտեղից որևէ մարմին չի հայտնաբերվել։
Այսօր Մարտունու, Ֆիզուլու և Հադրութի շրջաններում երեք ջոկատ որոնողական աշխատանքներ կիրականացնի։

Հունան Թադևոսյանը նշել է, որ Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնելու են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), որն այս պահին թշնամու վերահսոկողության տակ և Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

Նոյեմբերի 13–ից մինչև հունվարի 26-ը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողներ, կամավորականներ ու պահեստազորայիններ են։