Բավ է պառակտվել
22-02-2022 15:50

Արցախն ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱԳՆ ղեկավար

Արցախը բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը, ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է։ Հատկապես այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։ Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի»,- Բաբայանի խոսքերն է մեջբերում «Նովոստի Արմենիա»-ի հեռագրաալիքը։
Բաբայանը նշել է անկախության հասնելու և դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձևակերպման կարևորությունը։
«Հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա և կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, և նրանք անպայման պետք է ճանաչվեն»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաև որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։
Արտգործնախարարն ասել է, որ Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։
«Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից․․․Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն և ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է»։
Երեքշաբթի ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։ Այս որոշումը, մասնավորապես, դատապարտել են ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ, Թուրքիան, Վրաստանը։ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը թղջունել են Արցախում և Սիրիայում: