Բավ է պառակտվել
01-03-2023 19:41

Արցախն անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի անելու․ նախագահ

Անկախ դժվարություններից և Արցախի նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Այս մասին չորեքշաբթի ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում, որի ժամանակ ներկայացրել է Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին:

«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- նախագահի խոսքն է մեջբերում ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ երկրի ղեկավարը նշել է, որ, չնայած վերջին 80 օրերի ընթացքում Արցախի ժողովուրդը ամեն օր կրում է սոցիալական, տնտեսական հսկայական վնասներ, ունենում է հոգեբանական ծանր ապրումներ, նա ամեն օր ցուցաբերում է դրանք անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:

Ներկայացնելով նոր պետնախարարին՝ Հարությունյանը նշել է, որ նա ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Նախագահը հանձնարարել է նոր պետնախարարին առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը: Դրան զուգահեռ երկրի ղեկավարը հանձնարարել է հետևողական ու արագ կերպով ջանքեր գործադրել տնտեսության ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրությունը դարձնելով պարենի արտադրությանը: