Բավ է պառակտվել
11-08-2022 11:02

Արցախը մտադիր չէ հրաժարվել բանակից, դա հավասարազոր է դավաճանության․ Արցախի ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Արցախը Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունի, հայտարարել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

«Պաշտպանության բանակից հրաժարվելը հավասարազոր է դավաճանության, Պաշտպանության բանակից հրաժարվելը կարող է նոր 1915 թվական բերել Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև հետագա զարգացումներով ողջ Հայաստանի, քանի որ Ադրբեջանը դրանով չի սահմանափակվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայրապետյանը։

Սեյրան Հայրապետյանի խոսքով՝ եթե նրանք (ռուս խաղաղապահները) դա (անվտանգությունը) երաշխավորեն՝ շատ լավ կլինի, բայց համոզվածություն չկա։

«Այս (խաղաղապահների) զորակազմի քանակով, ինչքան որ կա, էդ համապատասխան սահմանի երկայնքով հնարավոր չի մարտական հերթապահություն իրականացնել, իսկ Ադրբեջանը, եթե ինչ-որ մեկը խաբկանքներ ունի, որ փոխվել է ու խաղաղության է գնում, ես կասեմ, որ այդպես չէ, մտածում ենք, որ մենք ինքներս նաև խաղաղապահների աջակցությամբ պետք է կազմակերպենք մեր ինքնապաշտպանությունը»,- ասել է պատգամավորը։