Բավ է պառակտվել
14-04-2022 21:05

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դրա շուրջ քննարկումներն անընդունելի են

Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա «կարմիր գիծն է», որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար», հայտարարել է նա հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ։

Թովմասյանը շեշտել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար։ Եվ մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունեք։ Հավերժ փառք Արցախյան երեք պատերազմների ՀՀ սահմանամերձ շրջաններում և 2022 թվականի մարտ ամսին Քարագլխում զոհված մեր բոլոր ազատամարտիկներին։ Բոլորիս պարզ է, որ նրանք զոհվել են հանուն հայ ազգի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի ժողովրդի Հանրապետության գոյատևման համար»,- ըդգծել է նա։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց։

Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վրդովմունք են հայտնել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Փաշինյանի հայտարարության առնչությամբ։