Բավ է պառակտվել
30-04-2022 11:57

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայության մեջ այլ կարծիք ունեցողները պետք է հարգեն արցախցիների կամքը․ պետնախարար Բեգլարյան

Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է․ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Այս կապակցությամբ նա նշել է, որ այս դիրքորոշումը միշտ եղել է հրապարակային և ներկայացվել ու ներկայացվում է միջազգային հանրության բոլոր դերակատարներին և Հայաստանի իշխանություններին։

«Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում»,- ընդգծելլ է նա:
Բեգլարյանն ասել է նաև, որ Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ:

«Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում»,- պարզաբանել է նա:

Եզրափակելով՝ Արցախի պետնախարարը նշել է, որ ընտրված ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար։

«Ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»,- ամփոփել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային

Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։