Բավ է պառակտվել
27-08-2019 16:20

Արցախը դուրս է եկել Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ կազմից․Փաշինյան

ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագետների և հյուպատոսությունների աշխատակիցների ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության յուրահատկության մասին։

“Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, և ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է Սովետական Ադրբեջանի կազմից դուրս եկել, և դա չպետք է զարմանք հարուցի։ Եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ”,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ վշտացած է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի այն իրավիճակով, որը ժառանգել է նախորդ իշխանոըւթյուններից և միջազգային հանրության կողմից Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումով:

“Ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը: Եվ այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս”,-ասել է նա:

Վարչապետն կարևորել է այն հանգամանքը, որ հակամարտության մասին տեղեկությունները մշտապես հասցվեն օտարերկրյա գործընկերներին, քանի որ ժամանակի ընթացքում նույնիսկ բազային սկզբունքներն են մոռացվում։ Միաժամանակ, նշել է նա, զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները:

“Սա մեզ համար իրոք լուրջ խնդիր է”,- ասել է նա։