Բավ է պառակտվել
05-02-2020 15:55

Արցախի հեղափոխությունը սկսվում է Շահումյանի շրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան


«Սուր քննադատություն կա երկրի ներսում, բավական մեծ է տարբեր գործիչների ցանկությունը`դառնալ երկրի նախագահ եւ որպես արդյունք, նաեւ պառակտումը հասարակության մեջ օրըստօրե բարձրանում է»,- ասում է«Ոսկանապատ» կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով երեկ է վերադարձել նախընտրական Արցախից։
Քաղաքագետի խոսքով՝ այդ պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից, ներկայիս ԱԳ նախարար Մասիս Մայիլյանից, Սամվել Բաբայանից՝որն ամենաշատն է շահագրգռված, որպեսզի գործընթացներն ընտրություններով չգնան, քանի որ ինքն արգելք ունի նախագահական ընտրություններին մասնակցության:

«Խոսքս հեղափոխական սցենարների մասին է: Արցախում ստեղծվում է այն ամենն, ինչ մենք տեսել ենք Հայաստանում`2016-17 թվականների սկզբներին. կա այնտեղի «հաց բերողը», որը խնդիրներ է բարձրացնում եւ զոհի տեսքով է ներկայացվում հանրությանը, կան այնտեղի ծայրահեղական գնահատականներով հանդես եկող եւ նորաստեղծ կուսակցություններ, որոնք քննադատում են բոլորին`ամենավերջին վիրավորանքներով, անպատասխանատու ձեւերով եւ այլն: Կա երեխաների ներգրավում քաղաքական գործընթացների մեջ, կա հասարակությանը քայլերթի դուրս բերելու, ոտքով քայլելու`«Գյումրուց Երեւան գալու» սցենարներ եւ ամենակարեւորը` Հայաստանի բարձրաստիճան, ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն`այդ գործընթացները կառավարելու գործում»,–ասաց Շահնազարյանը:
Քաղաքագետը բացատրեց`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Շահումյանի շրջան՝ Արցախ, պաշտոնական բացատրությամբ`երեխային տեսակցության, բայց չի զլանում, դուրս է գալիս, շփվում է տեղի բնակիչների հետ, ոգեւորում է`տարբեր քայլերի դիմելու տեսակետից` «Իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք լուծել», կոչով է հանդես գալիս:
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ բանակցային գործընթացում կան լուրջ մտահգություններ։
«Տեսնում ենք, որ ամեն օր շոուներ են բեմադրվում ու տեսնում ենք, որ հանրությանը մեր կարևորագույն օրակարգի՝ Արցախի խնդրից շեղում են դեպի մանր-մունր, ոչնչով չհիմնավորված պրոցեսներ, որոնք ռազմավարական առումով իրենցից ոչինչ չեն ներկայացնում», ասաց քաղաքագետը։

 

 

Արմինե Գևորգյան