
Երևան, Gisher.news – Արցախցի Արթուր Օսիպյանը, ով ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հետո, արդեն 22-րդ օրն է, ինչ հացադուլ է անում։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնում է հյուծված վիճակի և քաշի զգալի կորստի մասին, մինչդեռ Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը հրաժարվում է մանրամասներ հաղորդել՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիքը։
Օսիպյանը ձերբակալվել էր քարոզարշավի ընթացքում՝ Ղարաբաղի թեմայով վարչապետին հարցեր ուղղելուց ժամեր անց։ Բանավեճի ժամանակ Օսիպյանը վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը և քննադրում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։ Իրավիճակը սրվեց, երբ ակտիվիստը հիշատակեց Ալիևի կողմից ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը կշտամբեց Օսիպյանին, թե ինչու նա չի զոհվել ղարաբաղյան պատերազմում։
Դեպքից անմիջապես հետո Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Վարչապետի թիմակիցները, սակայն, պնդում են, որ ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղղակի հարցեր տալն է եղել, այլ նրա նախապես արված սպառնալից գրառումները և բռնության կոչերը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք ձերբակալությունը կապված չէ իրենց բանավեճի հետ, և նրան պատասխանել են, որ «այդ դրվագում չկա հանցագործություն»։ Պապոյանի խոսքով՝ «այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար»։
Մինչդեռ, Օսիպյանի փաստաբանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ «բմբուլները օդ հանելու» մասին քաղաքական գրառումից միայն երկու ամիս անց և հենց Փաշինյանի հետ բանավեճի բռնվելուց հետո իրավապահները հանցակազմ գտան այդ գրառման մեջ։ «Բա երկու ամիս առաջ, որ գրել է, էդ ժամանակ իրավապահներն ո՞ւր էին, ինչի միջոցներ չեն ձեռնարկել, սպասել են՝ վարչապետի հետ բանավիճի էդ պահի՞ն», - հարցադրում է Հովհաննիսյանը՝ ենթադրելով, որ նախարարների հայտարարությունները պարզապես վարչապետի խոսքերի կրկնությունն են։
Նուբարաշենի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել իրեն «փախած» անվանելու և վիրավորելու համար։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ ոչ մի ներողություն չի խնդրելու։
Արթուր Օսիպյանի ազատության համար արդեն 8 օր նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում Գեղամ Օհանյանը։ Նա շեշտում է, որ խախտվել է Սահմանադրությունը, և նախագահը չի արձագանքում գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ հարցումներին, չնայած որ «տասնյակ, հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամի հավաքվում են ու հանրային խնդիր ունեն, որն իր պահպանման ներքո է»։





