Բավ է պառակտվել
29-10-2019 19:03

Ադրբեջանը մտածված խեղաթյուրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը

Հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Այս մասին ասվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունում։ 

“Գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները հակասում են անկողմնակալության ու անաչառության սկզբունքին և միտված են միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմանը”,- ասվել է հայտարարությունում։
Ֆորումի Ամփոփիչ փաստաթղթի տեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանությանը հակասող դրույթներ ներառելու նպատակով Ադրբեջանի՝ իր ընդունող կողմի կարգավիճակի չարաշահումը Շարժման նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է հանդիսանում։
“Ափսոսանք է առաջացնում այն, որ Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը հակահայկական քարոզչության և Շարժման նպատակներին ու սկզբունքներին չհամապատասխանող արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման համար”,- նշվել է հայտարարությունում։
Գերատեսչությունը կոչ անում Չմիավորման շարժման անդամ պետություններին, որոնց մեծամասնությունն անկախություն և ինքնիշխանություն է ձեռք բերել ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, հավատարիմ մնալ իրենց իդեալներին ու Շարժման ոգուն և հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման ու զարգացման իրավունքի իրացման փաստի հանդեպ։

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։
Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։

1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները:

Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը պահպանվում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: