Բավ է պառակտվել
01-03-2017 10:23

Գիշերը շփման գծում լարված է եղել

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ, բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):

Գերատեսչությունը հիշեցնում է նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է: