Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում Արցախի Հանրապետությունը 24 ժամ դե ֆակտո շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ երթուղին է, երկու ուղղություններով շարունակում է փակ մնալ։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում», - հայտնում են նախարարությունից։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։