Բավ է պառակտվել
28-01-2023 20:08

Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը:

«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։

Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։

Հունվարի 17-ին շրջափակման պատճառով Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ տուն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ներկայումս հանրապետությունում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնների համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։