Բավ է պառակտվել
16-12-2022 10:40

Ադրբեջանը լավ դաս ստացավ․ Վարդանյանն արցախցիներին միասնության հանրահավաքի է հրավիրել

Ադրբեջանը լավ դաս ստացավ․ Արցախի ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել։. Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը։

Որբաթ ավելի վաղ նա հայտնել էր, որ Ադրբեջանը վերականգնել է գազամատակարարումը և խոստացել է օրվա ընթացքում ապաշրջափակել միջանցքը։

«Մենք պետք է պատրաստ լինենք նման իրավիճակներին և ուսումնասիրենք 96-ժամյա շրջափակման փորձը, մեր հարևանը չի հանդարտվի ու սրանով չի սահմանափակվի»,- ասել է Վարդանյանը։

Շնորհակալություն հայտնելով բոլորին համբերության և տոկունության համար՝ նա միաժամանակ նշել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից․ թանկացնել գները դեղատներում, կոպտել զանգերի կենտրոնի աշխատակիցներին և ապատեղեկատվություն տարածել։

«Նրանք ոչ միայն կպատժվեն, այլև նրանց անունները կհրապարակվեն։
Դա ամոթալի է: Հասարակության մեջ պետք է ձևավորվի սեփական և ուրիշների նկատմամբ հարգանքի նոր մշակույթ։ Վաղը ժամը 15:00-ին հանրահավաք ենք անցկացնելու Ստեփանակերտում։ Կոչ եմ անում բոլորին մասնակցել՝ ցույց տալու մեր ուժն ու համախմբվածությունը»,- ասաց Վարդանյանը։

Նա նաև խոստովանել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր անկախության, մեր անվտանգության, մեր զարգացման ծրագրերն իրականացնելու մեջ, բայց մենք ուրիշ ձև չենք կարող հաղթանակի հասնել, եթե իրար հետ միասին ազնիվ ու արդար չլինենք, բոլորս նույն պայմաններով չաշխատենք»,- ասել է Վարդանյանը։