Բավ է պառակտվել
03-08-2022 20:26

Ադրբեջանն Արցախում կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր․ մեկ զինծառայող զոհվել է, 8-ը վիրավորումներ ստացել․ Արցախի ՊԲ

Ադրբեջանն Արցախում կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, մեկ զինծառայող զոհվել է, 8-ը վիրավորումներ ստացել։

«Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,- ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Լարվածության սրում շփման գծում

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից վիրավորում է ստացել մեկ զինծառայող, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 3-5 զոհ։