Բավ է պառակտվել
27-11-2020 12:04

Ադրբեջանը հավաքել և պահում է հայկական դիակները․ ԱՀ ՄԻՊ

Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Ավելի կոնկրետ՝ բոլորը չեն փոխանցվել. դրանց մի մասը մեր փրկարար ծառայությունը, Կարմիր խաչը և ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում, տեսակապով քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

 «Մենք էլ, բնականաբար, ադրբեջանական դիակներ ենք փոխանցել նրանց: Բայց քանի որ մարտական գործողոթյունները տեղի են ունեցել գլխավորապես ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիակներ կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիակներ», - նշեց Բեգլարյանը:



ՄԻՊ-ը շեշտեց՝ ինքը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայկական դիակներ՝ անընդհատ ժամանակ ձգելով:

 Արտակ Բեգլարյանը նշում է, որ Ադրբեջանը ժամանակ ձգում, քանի որ նրանք նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայաստանյան լարվածության վրա և խորացնել հոգեբանական տառապանքր:
«Մոտավոր հաշվարկով մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար ի սկզբանե, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է: Կան արդեն հաստատված դեպքեր, որ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են և գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ԿԽՄԿ-ն էլ կապ է հաստատել: Թվեր չեմ հնչեցնում»,–ասել է Արտակ Բեգլարյանը։ Վերջինս խոսքով 11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ը միայն պատերազմից հետո:


«Բոլոր 7-ն էլ սպանված են եղել, և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով: Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու, այդ թվում՝ ակնաջներ կտրելու, աչք հանելու դեպքեր, գլխատման փորձեր, հետմահու դանակահարություններ», - մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:

 Նա միաժամանակ տեղեկացրեց՝ քաղաքացիական անձանց մասով առկա է ադրբեջանցիների կողմից տարածված մի քանի տեսանյութ, որտեղ կենդանի մարդկանց գլխատում են, կտրում ականջները:

 «Էլ չասեմ մյուս դեպքերը՝ անմարդկային վերաբերմունք, ծաղրանք և այլն:

Բոլոր այս դեպքերը վերլուծում ենք, ինքնությունները պարզում, ներկայացնում ենք Կարմիր խաչին և ռուսական կողմին: Այստեղ գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործն Ադրբեջանն է, որն ակնհայտ կերպով ժամանակ է ձգում», - նշեց Արցախի ՄԻՊ-ը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց,որ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ ենք սկսել պատրաստել: Պատրաստման փուլում է թվով հինգերորդ զեկույցը։ «Ինչո՞ւ ենք փակ, ոչ թե բաց, հրապարակային զեկույցներ պատրաստել, որովհետև այնտեղ կան բավականին դաժան պատկերներ և անձնական տվյալներ, որոնք չենք ցանկանում, որ տարածվեն հայկական համացանցային տիրույթում՝ լրացուցիչ հոգեբանական ճնշում չավելացնելու համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը հնարավորինս լայն տարածում է փորձում ապահովել հայկական լսարանում: Սա միանշանակ հանցագործություն է», - ասաց նա:

 Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունի:

 «Բայց մեր տվյալներով՝ մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Բոլոր տվյալներն անընդհատ փոխանցում ենք Կարմիր խաչին, ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել փրկել կյանքեր, և ԿԽՄԿ-ն կարողացել է կապ հաստատել ռազմագերիների հետ», - նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Արմինե Գևորգյան