Բավ է պառակտվել
22-04-2021 10:51

Ադրբեջանը կրակում է Արցախի խաղաղ բնակավայրերի և մարտական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները»,- նշվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում համոզված են, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։

«Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրդ օրը «Արցախպրես» գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից կրակոցներ են արձակվել Ստեփանակերտում բնակելի շենքի (վնասվել է շենքի տանիքն), ինչպես նաև Շոշ ու Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ: