Բավ է պառակտվել
11-01-2023 18:37

Ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից Արցախ էներգամատակարմանը․ Ռուբեն Վարդանյան

Ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից Արցախ էներգամատակարմանն, ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Կառավարության ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ Վարդանյանը նշել է, որ պարենի և դեղորայքի հետ կապված բազմաթիվ խնդիրներին վերջին օրերին գումարվել է էլեկտրաէներգիայի խնդիրը։ « Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգատագործումը։

Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը: «Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը», -ասել է Վարդանյանը։

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին.

Պետնախարարը նշել է, որ կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում:

Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:

Վերջին օրերին Արցախում հովհարային անջատումներ են՝ հունվարի 9-ին, ժամը 14.35-ին 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված վայրում հնարավոր չէ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։