Բավ է պառակտվել
18-01-2023 12:34

Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։
«Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ հանրապետություն գազ չի մատակարարվում , ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Հունվարի 12-ին հայտնի դարձավ ինտերնետ մալուխի վնասման մասին, ինչի պատճառով Արցախում մեկ օրից ավելի անհասանելի էր ֆիքսված ինտերնետը։ Հունվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը թույլ է տվել Ղարաբաղ-Տելեկոմի մասնագետներին մեկնել վթարման վայր և վերացնել վթարը

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։