Բավ է պառակտվել
05-03-2023 20:03

Ադրբեջանական դիվերսիան Արցախում. ինչ հայտնի է այս պահին

Արցախի ՆԳՆ հաղորդմամբ՝ մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախի տարածք Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Նա վիրահատվել է և գտնվում է Հանրապետական ​​բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում։

Մանրամասները ՆԳՆ-ից․ հակառակորդն ունի զոհեր

Արցախի ՆԳՆ-ն սուտ է որակել Ադրբեջանի հայտարարությունները, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ:

«Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ում ընդգծել են, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:

Գերատեսչությունը հրապարակել է նաև Ստեփանակերտից մեկնած մեքենայի երթուղու տեսանյութը մեկնարկային կետից՝ «Խայփալու»-ից, որտեղ տեղի է ունեցել դիվերսիան։

Անհերքելի ապացույցներ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել, որ Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

«Ադրբեջանցիների այն տեղեկությունը, թե իբր Հիբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են Արցախի բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։

Պետնախարարը հերքել է նաև շրջանառվող լուրերը, թե իբր Արցախը տարածքային կորուստներ է կրել։

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- ասված է Արցախի պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարարության մեկնաբանությունը

Հայաստանի ԱԳՆ-ն դիվերսիոն հարձակումն անվանել է ահաբեկչություն և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք։

«Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը: Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացնել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում: Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Նշվում է, որ ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:

Հայաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Հատկանշական է, նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի բավարարումից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկել դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացման ուղղությամբ, այլ նաև ձեռնամուխ է եղել Արցախի հայ բնակչության, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ նոր հանցագործությունների:

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ փետրվարի 28-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակչի ուղղությամբ: Հրաձգային զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվել է նաև մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

«Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը», - նշում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Արցախի ԱԳՆ-ի արձագանքը

Արցախի ԱԳՆ-ն ադրբեջանցի դիվերսանտների կողմից Արցախի ոստիկանության ծառայողների սպանությունը որակել է որպես պատերազմական հանցագործություն:

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը։ Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը»,- հիշեցրել է նախարարությունը։

Հատկանշական է, նշում են Արցախի ԱԳՆ-ից, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո:

«Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում: Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին: Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ», - ընդգծել են գերատեսչությունում։

Արցախի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:

Ռուբեն Վարդանյանի արձագանքը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։

«Ես բազմիցս եմ նշել, որ իրենց առաջարկած «ինտեգրացիան» մեզ համար չի կարող ընդունելի լինել, քանի որ դա նշանակում է, որ Արցախում հայ չի կարող ապրել: Ալիևյան ռեժիմը ամեն օր ապացուցում է, որ իր նպատակն մեզ այստեղից հեռացնելն է, մեզ մեր հայրենիքից զրկելն է: Նրանք այդ նպատակին հասնելու համար ունակ են դիմել ցանկացած քայլի: Այսօրվա դեպքերը դրա վառ ապացույցն են»,- ասել է նա։