Բավ է պառակտվել
07-10-2020 11:11

Ադրբեջանական զինված ուժերի նոր սադրանքը՝ մեծաթիվ խմբերով կուտակումներ արցախա-իրանական սահմանի երկայնքով

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել:

Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»: