Բավ է պառակտվել
08-12-2021 21:14

Ադրբեջանցի զինվորականները դաժանորեն խոշտանգել են Արցախի 21-ամյա բնակչին

Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող տաածքում հայտնված Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում:
«2021 թ․ նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին»,- գրում է Ստեփանյանը։
ՄԻՊ-ի խոսքով, համաձայն դաաքննության փորձաքննության եզրակացության՝ ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով Արցախի բնակիչը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես, նրա մարմնի վրա հայտնաբերվել են քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
«Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում։

Ավելի վաղ Արցախի Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ դատաբժշկական փորձաքննության տվյալնների հիման վրա հանրապետության ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ հանրապետության ՔՕ՝ «ազգային ատելության շարժառիթով մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը» հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն: