Բավ է պառակտվել
22-03-2023 13:19

Ադրբեջանցիները կրակ են բացել Ճարտարում խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը եւ Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Նշվում է, որ խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշվում է հաղորդագրության մեջ: