Բավ է պառակտվել
11-02-2022 11:39

Ադրբեջանցիները կրակակոծել են Արցախի գյուղերը, կրակահերթերն արձակվել են տների ուղղությամբ, որտեղ գտնվում էին կանայք և երեխաներ (լուսանկարներ)

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը»,–գրել է Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ստեփանյանը վերահաստատել է այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելու Արցախում։
«Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,–գրել է Մարդու իրավունքների պաշտպանը: