Բավ է պառակտվել
19-02-2022 14:03

Ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչների տների ուղղությամբ

Երեկ երեկոյան ադրբեջանցիները կրակել են Արցախի Թաղավարդ գյուղի տների վրա, հայտնում է հանրապետության դատախազությունը։

Երեկ ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից հրազենային կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։

Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դատախազությունը դեպքի մասին հաղորդել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին և փոխանցել դեպքի նախնական ապացույցները։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Արդյունքում վնասվել է տրակտորն, իսկ մարդկանց հաջողվել է փրկվել ուս խաղաղապահների միջամտության շնորհիվ։

Իսկ փետրվարի 11-ին, առավոտյան ժամը 5։50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Արդյունքում, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկությամբ՝ վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին անչափահաս երեք երեխա և կին: