Բավ է պառակտվել
18-01-2023 12:31

Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխաներով ավտոբուս, մեկ երեխա կորցրել է գիտակցությունը. ՄԻՊ

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, նշելով, որ երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

«Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը»,- գրել է Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ստեփայանը հայտնել է, որ ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքին կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգություն: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։ Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին»,- ընդգծել է Ստեփանյանը։

Ստեփանյաը շեշտել է, որ այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Հունվարի 12-ին հայտնի դարձավ ինտերնետ մալուխի վնասման մասին, ինչի պատճառով Արցախում մեկ օրից ավելի անհասանելի էր ֆիքսված ինտերնետը։ Հունվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը թույլ է տվել Ղարաբաղ-Տելեկոմի մասնագետներին մեկնել վթարման վայր և վերացնել վթարը

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։