Բավ է պառակտվել
16-02-2022 17:56

Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով ստիպել են Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին հեռանալ խաղողի այգիներից

Այսօր, փետրվարի 16-ին, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներում զենքի սպառնալիքով խոչընդոտել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Մեր բնակիչներին արգելում են աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են և զգուշացրել, որ այլևս չգնան այդ տարածքներ։ Ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի զինվորականները մեր բնակիչներին զենքի ազդեցությամբ դուրս են հանել այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասել է համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի, այլեւ հարևան համայնքի բնակիչները։ «Մարդիկ օրվա հաց վաստակելու նպատակով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ստացվում է այնպես, որ նրանց զրկում են իրենց եկամտի աղբյուրից»,– նշել է Խրամորթի համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ, ԱՀ ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ՝ փետրվարի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթի համայնքի վարչական տարածքում տրակտորով հերկ կատարող Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով վնասվել է տրակտորի հետևի անվադողը: