Բավ է պառակտվել
26-02-2022 20:59

Ադրբեջանցիները սպառնում են Խրամորթ գյուղի բնակիչներին։ Արցախի ոստիկանությունն արձագանքել է

Սոցցանցերի հայկական հատվածում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ ադրբեջանցիները փորձում են ահաբեկել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին։ Նշվում է, որ ադրբեջանցիները երկրորդ օրն է՝ բարձրախոսով գրական հայերենով պահանջում են Խրամորթի բնակիչներից լքել տները՝ հակառակ դեպքում ուժ կիրառելու սպառնալիքով։

Ստեղծված իրավիճակին արձագանքել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները։

«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն»,- գրել է Արցախի ԱԻՊԾ
Մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա հայտնել է, որ այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ Նրա տեղեկություններով՝ թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակվի։։
Թադևոսյանը նշել է նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք։

Խրամորթ գյուղն անմիջականորեն հարում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքների սահմանագծին։ Վերջերս ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել էր տեղի տրակտորիստը, դեպքի մասին տեղեկացվել են ռուս խաղաղապահները։

Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի գնդակոծումները

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն փետրվարի երկրորդ տասնօրյակում ադրբեջանական զինուժը մի քանի անգամ գնդակոծել է Արցախի մի շարք բնակավայրեր Թաղավարդ, Խրամորթ, Կարմիր Շուկա համայնքներում։ Վնասվել են բնակելի շենքեր, գյուղտեխնիկա։

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հրազենի կիրառմամբ նմանատիպ միջադեպերը կանոնավոր բնույթ են կրում։ Արցախի իրավապահները տեղեկացնում են հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։