Բավ է պառակտվել
14-10-2022 14:22

Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կբերի կամ արյունահեղության, կամ Արցախի ամբողջական էթնիկ զտման. Բաբայան

Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կբերի կա՛մ արյունահեղության, կա՛մ Արցախի ամբողջական էթնիկ զտման։ Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց պետք է հասկանանք, որ Արցախի, ինչպես նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում»,- ասել է Բաբայանը։

Նա հայտնել է, որ Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

«Երեկ հանդիպել ենք Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, այսօր Ազգային ժողովի նախագահի հետ, հանդիպում ունենք նաև ՀՀ նախագահի հետ, վաղը հանդիպելու ենք արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ։ Մենք եկել ենք այստեղ անկեղծ քննարկումներ ունենալու համար»,- ասաց Բաբայանը։

Նա նշել է, որ ոչ միայն արցախահայությունը, այլ ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև։

«Շատ կարևոր է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանալ տարբեր գործընթացների մասին, նույնիսկ ամենաբարդ հարցերը շատ ազնիվ ձևով քննարկել ենք: Մեզ համար շատ կարևոր է նաև այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասել է Բաբայանը։

Նա նշել է, որ այս հանդիպումների ընթացքում պարզաբանումներ են եղել, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել կամ ճանաչել Ադրբեջանի մաս։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, սակայն հանդիպման մասին տեղեկություն ՀՀ վարչապետի կայքում չի հրապարակվել։

Հոկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։ Հայաստանի ԱԽ-ից հայտնել են, որ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բոլոր ուղղություններով շարունակվող բանակցային գործընթացի մանրամասները, որից հետո կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ։