Բավ է պառակտվել
31-03-2020 18:08

Բակո Սահակյանը՝ Արցախում ապրելու ու ՀՀ երկու նախագահների դեմ հարուցված գործերի մասին

Չնայած կորոնովիրուսի տարածման վտանգին եւ Արցախում կայանալիք ընտրությունները չեղարկելու հորդորներին, ընտրողների աննախադեպ ակտիվություն է դրսեւորվում: Վաղ առավոտից մարդիկ շտապում են ընտրության, որոշ ըտրատեղամասերում նույնիսկ կուտակումներ ու հերթեր են գրանցվել: Այդ մասին են փաստում նաեւ պաշտոնական թվերը:
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն `ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը):
Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հարցերին է պատասխանել Արցախի նախագահ Բակո Սահակյանը,վերջինս նշել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու Արցախին։
Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բակո Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի՝ էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դրաձնելուն:
ԱՀ նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է Արցախում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: «Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ավելացրել է ԱՀ նախագահը:
Բակո Սահակյանը անդրադարձել է ՀՀ երկու նախագահների հարուցված գործերին։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, մեղադրյալ աթոռին է, իսկ Սերժ Սարգսյանին եւս մեղադրանք է առաջադրվել:
Սահակյանը ասել է, որ ոչ–ոք՝ ոչ իրեն, ոչ Արցախի քաղաքացիներին, ոչ էլ Հայաստանի քաղաքացիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին չի կարող հաճույք պատճառել այդ հանգամանքը։
«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը չի դիտվում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն, Արցախի նախագահը պատասխանեց. «Ես դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին, եւ այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում: Ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշած կարգն ու կանոնները: Ես ճիշտ հակառակն եմ մտածում, եւ ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով: Չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ բարդություններ ենք ստեղծում: Մենք խոսում ենք այնպիսի դերակատարների մասին, որ ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով»:
Բակո Սահակյանը հավելեց, որ եթե անհրաժեշտությունը լինի նման միջնորդությամբ հանդես կգա նաեւ Սերժ Սարգսյանի համար:

 

Արմինե Գևորգյան