Բավ է պառակտվել
24-12-2021 19:08

Բաքուն կարող է Google-ին ստիպել հեռացնել հայկական անունները Արցախում, եթե Երևանը չարձագանքի

Բաքուն կարող է հաջողել 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախի տարածքներում հայկական տեղանունները Google Maps-ից հեռացնելու հարցում, եթե պաշտոնական Երևանը չդիմադրի։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Razm.info մասնագիտացված ռազմական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին պաշտոնական դիվանագիտական ​​ուղիներով Google-ին ուղղված Ադրբեջանի ԱԳՆ կոչի մասին՝ «հրաժարվելու Բաքվի կողմից վերահսկվող տարածքների հայկական անվանումների օգտագործումից»։ Ներկայումս Google Maps-ում աշխարհագրական անունները նշվում են ադրբեջաներեն և հայերեն:

«Խիստ կասկածում եմ, որ հիմա Հայաստանում որևէ մեկը կզբաղվի Google-ում հայկական անվանումներով։ Ավելին, ադրբեջանցիները հաճախ Google Maps-ի միջոցով փոխում են նույնիսկ հայկական անվանումները հենց Հայաստանի Հանրապետությունում՝ դրանք փոխարինելով որոշ, երբեմն նույնիսկ մտացածին «ադրբեջանական» անվանումներով, - ասել է փորձագետը։

Միաժամանակ Վրթանեսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանցիները նման գործողությունների են դիմում բացահայտ, առանց թաքցնելու։

Փորձագետը կասկածում է, որ ներկայիս իշխանությունները որոշակի միջոցներ կձեռնարկեն Բաքվի նման նախաձեռնություններին հակազդելու համար։

«Օրինակ, հիմա ֆեյսբուքն արգելափակում է հայ օգտատերերին միայն Մոնթե Մելքոնյանի անունը նշելու կամ նրա լուսանկարները տեղադրելու համար։ Եվ դա չնայած այն բանին, որ Մոնթեն պաշտոնապես Հայաստանի ազգային հերոսն է։ Հայաստանի իշխանությունները գիտեն այս մասին, բայց բացարձակապես ոչինչ չեն անում, թեև Մոնթեի լուսանկարները կան պաշտոնյաների, օրինակ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի էջում»,- նշել է նա։

Վրթանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում տեղեկատվական ճակատը վաղուց կոտրված է, և երկրի իշխանություններն իրենց ողջ ուժերը կենտրոնացրել են ոչ թե ադրբեջանական տեղեկատվական գործողությունների, այլ տեղական ընդդիմության դեմ պայքարի վրա։