Բավ է պառակտվել
02-09-2021 11:02

Առանց սխալվելու իրավունքի․ Հայստանի նախագահը շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը

1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը: հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել այս կապակցությամբ։

«Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում: Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում»,- ասվում է ուղերձում:

Նշվեւմ է, որ Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են:

«Դրանք չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության»,- ասվում է ուղերձում:

Նշվում է, որ մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված:

«Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», - ասվում է ուղերձում::