Բավ է պառակտվել
12-12-2022 17:38

Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է․ Արցախի ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է, հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

«Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը», - ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Երկուշաբթի առավոտյան քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Դեպքի մասին տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, Արցախի պետական ​​լիազոր մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակը կարգավորելու համար։

Նմանատիպ իրավիճակ էր գրանցվել նաև դեկտեմբերի 3-ին, երբ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դրանով իսկ կտրելով Արցախի կապը Հայաստանի և Շուշիի շրջանի Բերդաշեն ենթաշրջանի գյուղերի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններից մի քանի ժամ անց ճանապարհն ապաշրջափակվեց։