Բավ է պառակտվել
10-03-2019 11:45

Արդյո՞ք կլինի տարածքների վերադարձ: ԵԱՀԿ-ն պատրաստվում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման կապակցությամբ:

Մարտի 1-ի հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Փաշինյանի և Ալիևի համանախագահների հովանու ներքո հանդիպելու մտադրությունը: Նրանք՝ սերտորեն աշխատելով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստվում են առաջնորդների այդ կարևոր հանդիպմանը, որը կլինի երկու երկրների ղեկավարների առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքո:

Հայտարարությունում ընդգծվել է արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանման կարևորությունը և դրական է գնահատվել վերջին ժամանակներում ճակատային գծում զոհերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունել են բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար տարածաշրջանում ձեռնարկված առաջին քայլերը: Նրանք կոչ են արել կողմերին ակտիվացնել այդ ջանքերը: Միևնույն ժամանակ նրանք վերահաստատել են լարվածության թուլացման և ռազմատենչ հռետորաբանության նվազեցման բացառիկ կարևորությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են իրավիճակի էական փոփոխությունների, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխության՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման գործընթացի բովանդակության մասին հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատել են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այն նաև պետք է ներառի 2009-2012թթ. համանախագահ երկրների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրեր, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակն՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն։

Համանախագահները շեշտել են, որ այդ սկզբունքներն ու տարրերը պետք է լինեն հակամարտության արդարացի և երկարատև ցանկացած լուծման հիմք և պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսների նկատմամբ գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:

Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հետ և կոչ են արել երկու երկրների ղեկավարներին առաջին իսկ հնարվորության դեպքում վերսկսել բանակցությունները բարի կամքի ոգով: Համանախագահների հովանու ներքո անցկացվող Բաքվի և Երևանի շարունակական և ուղղակի երկխոսությունը շարունակում է մնալ վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացը զարգացնելու կարևոր տարր: Համանախագահները կշարունակեն նաև հնարավորության դեպքում հակամարտության կողմերի հետ քննարկել համապատասխան հարցերը` խոստովանելով, որ նրանց տեսակետները և մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած համաձայնեցված լուծման հաջողության համար:

Համանախագահներն ընդգծել են, որ իրենց մանդատի համաձայն իրենք ամբողջությամբ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում կողմերին օգնություն ցուցաբերելու հարցում: