Բավ է պառակտվել
23-12-2020 14:02

Քաղաքացիական 60 անձ զոհվել է, 40 անհետ կորածներից մի մասին էլ սպանել են․ Արտակ Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փակ զեկույցներն ուղարկել են միջազգային կառույցներին, օտարերկրյա պետություններին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի լիազոր մարմիններին:
Միջազգային կառույցներից գլխավորապես լռություն է եղել՝ նշեց Բեգլարանը:
Արցախյան պատերազմը սկսվելուց հետո 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը պատերազմական գործողությունների ուղիղ թիրախավորման հետևանքով են զոհվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«39 անձ զոհվել է քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու կամ էլ հեռահար հրետակոծության ժամանակ, իսկ 21 անձ էլ գերեվարվել են կամ էլ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում են մնացել և սպանվել։ Մեծամասամբ սպանվածների մարմինները գտել ենք, և դրանք վերադարձվել են հայկական կողմին»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` մի քանի դեպք կա միայն, որ տեսանյութերի կամ էլ ականատեսների ասածների հիման վրա են եզրակացրել, որ քաղաքացիներին սպանել են, իսկ գերակշիռ դեպքում սպանվածների մարմիններն արդեն իսկ հայտնաբերել են։

Բեգլարյանը հայտնեց նաև, որ այսօր հրապարակելու են սպանված բոլոր քաղաքացիական անձանց տվյալները և յուրաքանչյուր դեպքի անհատական նկարագրություն, թե ինչ պայմաններում են նրանք սպանվել։ Նա ասաց նաև, որ շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձ էլ կա, որոնց մի մասը նորից սպանվել են։

Բեգլարյանը հավելեց նաև, որ ադրբեջանական կողմում առհասարակ հայ գերիների թիվը շատ է, սակայն կոնկրետ թիվ ասել չի կարող։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ հանրապետության նախագահի կողմից առաջարկ է ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու:
«Հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, հաշվի առնելով դրա կարևորությունն ու առկա կարիքը գործադիրում աշխատելու, կարծում եմ, որ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է: Տվյալ պաշտոնում հիմա ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ-ի կարգավիճակում»,- ասել է Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը չասաց թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու։

Արմինե Գևորգյան