Բավ է պառակտվել
30-08-2022 11:54

Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից անհետ կորած է համարվում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022 թ. օգոստոսի տվյալների համաձայն՝ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով։

«Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի համաձայն։ Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, և մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը»,- ասվում է ուղերձում:

Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։

«Ցավոք, բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսևորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է»,- ասվում է ուղերձում:

Սրա հետ մեկտեղ, նշել է նա, միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար, պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար: Ուստի, այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ անհետ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։

«Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհետ կորած անձանց գտնելու և նրանց աջակցություն տրամադրելու հարցում՝ խստորեն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը և կոչ անում միավորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու և վերջիններիս ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ»,- ասվում է ուղերձում։